Ախալքալաքում բազմապրոֆիլ մասնագիտական քոլեջ կբացվի

Ախալքալաքում բազմապրոֆիլ մասնագիտական քոլեջ կբացվի

Ախալքալաքում գտնվող Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում  բազմապրոֆիլ մասնագիտական քոլեջ կբացվի: Համապատասխան ծրագիրը մշակում է համալսարանը:

«Ախալքալաքում մի շենք ունենք, որը չի շահագործվում: Շենքն անհրաժեշտ է վերանորոգել, որպեսզի այնտեղ տեղակայվի նորաստեղծ քոլեջը: Առաջիկա օրերին շենքում ուսումնասիրություններ տեղի կունենան, կհաստատվի նաև վերանորոգման համար անհրաժեշտ գումարի չափը, կհայտարարվի մրցույթ»,- «Հարավային Դարպասի» հետ զրույցում հայտարարել է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն:

Հարցին, թե քանի ուսանող կկարողանա ընդունել քոլեջն ուսումնական տարվա սկզբին, Բերիձեն պատասխանել է, որ ուսանողների թիվը կորոշվի քոլեջի ծրագրերի միջոցով՝ հաշվի առնելով նաև աշխատաշուկայում առկա անհրաժեշտությունները: Ռեկտորի խոսքով իրենց համար կարևորը ոչ թե ուսանողների թիվն է, այլ որակյալ ուսուցումը, շրջանում մասնագետների պահանջարկը:

Մասնագիտական ուսումնարանի վերանորոգման և գույքով ապահովելու գումարը կհատկացնի Վրաստանի Կրթության նախարարությունը: