Ջավախքցի ուսանողների համար օրենքում բացառություն չի նախատեսվում

Ջավախքցի ուսանողների համար օրենքում բացառություն չի նախատեսվում

Փետրվարի 12-ին Հայաստանի ԱԺ-ում Կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձրաձայնել է սահմանային անցակետերում 25 կգ ավելի բեռ տեղափոխելու արգելքի մասին:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ընդհանուր կանոնից ցանկացած բացառություն դաշտ է ստեղծում դրանից ապօրինի օգտվողների համար:

«Ես էլ եմ ուսանող եղել ու ես էլ եմ Իջևանից Երևան կարտոֆիլ բերել: Բայց պարտադիր չէ, որ այդ պարկը լիներ 50 կգ: Կարելի էր 25 կգ-անոց պարկերով բերել»,- ասաց Փաշինյանը` արձագանքելով պատգամավոր Շիրակ Թորոսյանի այն դիտարկմանը, թե սահմանափակումների հետևանքով Ջավախքից եկող ուսանողները չեն կարողանում 50-կգ-անոց պարկով կարտոֆիլ բերել` իրենց կարիքների համար:

Վարչապետը, թեև հայտնել է, որ կիսում է Շիրակ Թորոսյանի մտահոգությունը, բայց և հավելել է, որ ընդհանուր կանոնից ցանկացած բացառություն դաշտ է ստեղծում դրանից ապօրինի օգտվողների համար:

«Կառավարությունն ասաց` մարդիկ, եթե ուզում են ոչ առևտրային նպատակով ու ոչ առևտրային չափաքանակով ապրանք բերել, մենք համաձայն ենք, թող բերեն: Արդյունքում ի՞նչ եղավ: Ֆուռը կանգնեցնում են ու 50-50կգ-ներով ներկրում»,- ասել է Փաշինյանը:

Այդուհանդերձ, ՀՀ վարչապետը հայտնել է, որ կառավարությունն այժմ նոր կարգ է մշակում, որի համաձայն, քաղաքացին մեկ ամսվա ընթացքում միայն 2-3 անգամ հնարավորություն կունենա Վրաստանից սահմանափակ ոչ առևտրային քանակով ապրանք ներկրելու Հայաստան:

«Ուսանող ջավախքցին իր հետ բերում է 1 պարկ կարտոֆիլ՝ 50 կգ, ոչ թե 25 կգ, և նա ստիպվսծ է լինելու քաշքշուկի և մաքսազերծման խնդիրների առաջ կանգնել»,- ասել է Շիրակ Թորոսյանը:

Շիրակ Թորոսյանը վստահեցրել է՝ այն, ինչ կատարվում է Բագրատաշենի մաքսակետում, հաստատ չի կատարվելու Բավրայի մաքսակետում: Այս մասին փոխանցում է www.1in.am տեղեկատվականը: