Ախալքալաքում բացվեց Արդարադատության տուն

Ախալքալաքում բացվեց Արդարադատության տուն

Հոկտեմբերի 18-ին Ախալքալաքում բացվեց թվով 20-րդ Արդարադատության տունը: Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի գլխավորությամբ: Նա ողջունեց բոլոր ներկաներին վրացերենով և հայերենով:

Կարմիր ժապավենը կտրեցին Թեա Ծուլուկիանին և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը: Բացման արարողությունից հետո հյուրերը շրջեցին նորաբաց Արդարադատության տան շենքով և աշխատասենյակներով:

Բացման արարողության առթիվ Արդարադատության տան դիմաց կառուցվել էր ծածկույթով բեմ, տեղադրվել սեղաններ հյուրերի համար:

Բացման արարողությանը ներկա էին Վրաստանի Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, Հայաստանի Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանում Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դոուման, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների ղեկավարները, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին և այլ պաշտոնատար անձինք:

Բացման արարողությունից հետո տեղի ունեցավ համերգ Բանդերոլ խմբի մասնակցությամբ, որը եզրափակվեց հրավառությամբ: