Հենզել Մկոյանը հանդիպեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարության հետ

Հենզել  Մկոյանը հանդիպեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավարության հետ

Սեպտեմբերի 24-ին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը հանդիպում ունեցավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի և քաղաքապետարանի ղեկավարության և աշխատակիցների հետ:

Հանդիպումն անցավ փակ դռների հետևում՝ առանց լրագրողների ներկայության: Հանդիպումից հետո Հենզել Մկոյանը պատմեց, թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկվել է 2018թ. և 2019թ. մունիցիպալ բյուջեն:

Գյուղերի քաղաքապետերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գյուղերում առկա հիմնախնդիրները, որոնք հիմնականում վերաբերում են խմելու ջրի, ճանապարհների և փողոցների գիշերային լուսավորության բացակայությանը:

Հենզել Մկոյանը նշեց, որ օրեր առաջ իրեն դիմել են Ղուլալիս և Փոկա գյուղերի թվով 40 բնակիչներ: Ղուլալիսի բնակիչները բողոքել են, որ իրենց գյուղում ճանապարհները և խմելու ջրի վիճակը անմխիթար է, ինչպես նաև բողոքել են, որ իրենց գյուղի քաղաքապետի ներկայացուցիչը արդեն մեկ տարի է գյուղ չի այցելել, իսկ մասնագետը վատ է աշխատում: Փոկայի բնաիչներն էլ պատգամավորին են դիմել գյուղը գազաֆիկացնելու խնդրով: Հանդիպմանը քննարկվել է նաև գյուղերի քաղաքապետերի և մասնագետների համագործակցության և համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին հարցը, որպեսզի գյուղերում խնդիրները արդյունավետ լուծում ստանան:
Հանդիպմանը խոսվել է նաև 2019թ. իրականացվելիք նախագծերի մասին, որոնցից են Օրոջալար, Խանչալի և Գոնդուրա գյուղեր տանող ճանապարհների ասֆալտապատումը և նոր ջրագծի անցկացումը: Ծրագրվում է նաև 2019թ. Տամբովկա գյուղից դեպի Նինոծմինդա քաղաք ջրագծի անցկացումը, քանի որ Նինոծմինդա քաղաքում ջրի պահանջարկը մեծ է:

NOR-ի լրագրողի այն հարցին, թե երբ կսկսի աշխատել Հեշտիա գյուղից անցկացված ջրագիծը, Հենզել Մկոյանը նշեց, որ քաղաքապետը իրեն ներկայացրել է, որ ջրագծի չաշխատելու պատճառը ջրամղիչ պոմպի բացակայությունն է: Ըստ պատգամավորի՝ ջրագիծը կսկսի աշխատել մեկ շաբաթից:
Իսկ այն հարցին, թե երբ կգազաֆիկացվի Գորելովկա գյուղը, Հենզել Մկոյանը պատասխանեց, որ այն կգազաֆիկացվի 2019թ.:
Մանրամասները լսեք նյութում.

Անահիտ Զալալյան