Լոնդոնում Վրաստանի դեսպանատան մոտ ձերբակալել են հակավրացական կարգախոսներ հնչեցնող լրագրողի

Մեծ Բրիտանիայի իրավապահները Լոնդոնում Վրաստանի դեսպանատան մոտ ձերբակալել են լրագրող Գրեմ Ֆիլիպսին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Մեծ Բրիտանիայում Վրաստանի դեսպան Թամար Բերուչաշվիլին, գրում է Tert.am լրատվականը՝ հղում կատարելով Ռիա Նովոստիին:

Նրա խոսքով՝ 2008 թվականի օգոստոսյան դեպքերի 10-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի ժամանակ Ֆիլիպսը Վրաստանի և ՆԱՏՕ-ի դեմ կարգախոսներ է հնչեցրել:

«Դիվանագիտական ոստիկանությունը, որին կանչել են տեղում, օպերատիվ է գործել և ձերբակալել է Գրեմ Ֆիլիպսին»,- հավելել է Բերուչաշվիլին:

Վրաստանի ԱԳՆ-ից նույնպես հայտնել են լրագրողի ձերբակալության մասին՝ չնշելով նրա անունը:

«Նա նկարահանում էր ցուցահանդեսն առանց թույլտվության, բարձրաձայն հնչեցնում ՆԱՏՕ-ի դեմ կարգախոսներ և մեղադրում Վրաստանին բրիտանական լսարանին սխալ տեղեկություններ տրամադրելու համար»,- նշել են գերատեսչությունում:

Ֆիլիպսը Մեծ Բրիտանիայի քաղաքացի է, նա աշխատել է որպես Ուկրաինայում ռուսական RT լրատվամիջոցի արտահաստիքային թղթակից:

2008 թվականի լույս օգոստոսի 8-ին սկսվեց վրաց-օսական, նույն ինքը՝ ռուս-վրացական պատերազմը, որը հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր և ավարտվեց վրացական կողմի պարտությամբ։ Դրանից հետո ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։