Հուլիսի 7-ին Կարծախում նշվեց «Ջիվանու օրը»

Հուլիսի 7-ին Կարծախում նշվեց «Ջիվանու օրը»

Հուլիսի 7-ին Կարծախ գյուղում նշվեց աշուղ «Ջիվանու օր» միջոցառումը:
Տոնակատարությունը մեկնարկեց Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում Սուրբ Պատարագի մատուցմամբ: Պատարագից հետո տոնակատարության մասնակից հյուրերը շարժվեցին դեպի մեծանուն աշուղի կիսանդրու մոտ, որտեղ ծաղիկներ խոնարհեցին և այնուհետև գնացին աշուղի տուն-թանգարան:

Հյուրերին տուն-թանգարանի բակում դիմավորեցին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները ազգային նվագարանների կատարմամբ, որից հետո ներկաները շրջեցին տուն-թանգարանում և ծանոթացան աշուղի թողած ժառանգությանը, ինչպես նաև հնարավորություն ունեցան համտեսել Ջիվանու հայրական տան թոնրատանը թխվող հայկական ավանդական լավաշը:

Այս տարի միջոցառումը կազմակերպվել էր Ախալքալաքի տեղական իշխանությունների և ՛՛Ջավախքին Աջակցություն Հիմնադրամի՛՛ կողմից հիմնադրած Աշուղ Ջիվանու տուն-թանգարանի գործընկերությամբ:

Տոնակատարության շրջանակներում կատարվող ավանդական հյուրասիրության համար տեղական բյուջեից հատկացվել էր 4000 լարի: Տոնակատարության մշակութային մասի կազմակերպման համար միջոցներ չէին հատկացվել:


Բորիս Ղարսլյան