Տեխնիկական կրթություն ստանալը մոդայիկ չէ Նինոծմինդայում /տեսանյութ/

Տեխնիկական կրթություն ստանալը  մոդայիկ չէ Նինոծմինդայում /տեսանյութ/

Ինժեներների, արդյունաբերական տեխնիկների, շինարարության, տրանսպորտի, գյուղատնտեսության և անտառտնտեսության և ծառայությունների ոլորտի որակյալ աշխատողների նախապատրաստում. այս ամենի ուսուցումը ենթադրում է պրոֆեսիոնալ տեխնիկական կրթության համակարգը: Չնայած որ մեր հասարակության մեջ առկա է մեծ պահանջարկ և կարևորություն նշված մասնագիտությամբ աշխատողների նկատմամբ, երիտասարդների մեծ մասը գերադասում է ստանալ բարձրագույն, այլ ոչ թե միջին տեխնիկական կրթություն:

Նինոծմինդացի երիտասարդները նշում են, որ, ստանալով բարձրագույն կրթություն, նրանք կարծում են, որ ավելի բարձր աշխատավարձ կստանան, այնինչ շատ հաճախ դժվար է լինում ստացած մասնագիտությամբ աշխատանք գտնել:

Նինոծմինդա քաղաքի երիտասարդական կենտրոնի տնօրեն Նարինե Գինոսյանն էլ իր խոսքում նշեց, որ քանի որ մեզ մոտ կառուցվում է երկաթուղի, շրջագայող ուղեպահների մեծ պահանջարկ է նկատվում: Ըստ նրա, նաև անասնաբույժների, սանտեխնիկների մեծ պակաս կա, բայց շատերը նախընտրում են ստանալ բարձրագույն կրթություն:

Ամեն տարի գնալով բարելավվում են պայմանները, և շատացվում են միջին տեխնիկական կրթություն ստանալու տեղերը: «Վրաստանում տեխնիկական կրթություն ստանալը անվճար է, իսկ դիմորդներին հնարավորություն է տրված ընդունելության քննությունները հանձնել մայրենի լեզվով: Ուսանող դառնալուց հետո անձը հնարավորություն է ունենում նաև սովորել պետական լեզուն»,-նշեց Վրաստանի Կրթության և գիտության նախարարությանը կից պրոֆեսիոնալ կրթության զարգացման դեպարտամենտի ղեկավար Իրինա Ցերոձեն:

Մանրամասները դիտեք տեսանյութում.

Գարուշ Արզումանյան