Փաշինյանը շնորհավորել է Մամուկա Բախտաձեին

Փաշինյանը շնորհավորել է Մամուկա Բախտաձեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Մեր ժողովուրդները դարերի ընթացքում մշտապես միահյուսված են եղել բարեկամական և եղբայրական ամուր ու բազմաբնույթ թելերով, որոնք այսօր էլ շարունակում են բազմապատկվել ու զարգանալ՝ շնորհիվ այն ջերմության և փոխվստահության մթնոլորտի, որը տիրում է մեր երկու պետությունների և ժողովուրդների միջև։

Բոլորովին վերջերս Վրաստան կատարած իմ պաշտոնական այցի և արդյունավետ հանդիպումների ընթացքում մեկ անգամ ևս համոզվեցի, որ հայ-վրացական հարաբերություններում առկա է մեծ ներուժ։ Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առկա փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել՝ ի բարօրություն մեր ժողովուրդների։

Սիրով հրավիրում եմ Ձեզ Հայաստան: Համոզված եմ, որ այդ այցելությունը նոր լիցք կհաղորդի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր բնագավառներում մեր երկրների փոխգործակցությանը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն` բարեփոխումների իրագործման նոր փուլում, և հավաստիացնում, որ Վրաստանի ցանկացած հաջողություն մենք ընդունում ենք որպես մերը»:

Տեղեկությունը տարածել են հայկական լրատվամիջոցները: