Վարձով բնակարանների գները Թբիլիսիում

Վարձով բնակարանների գները Թբիլիսիում

Թբիլիսիում վարձակալությամբ տրվող բնակարաններից ամենաթանկարժեքները Վակե-Սաբուրթալո հատվածում են, ամենաէժանները՝ Գլդանի-Նաձալադևի շրջանում:

Ըստ Իմեդի հեռուստաընկերության տեղեկատվության՝ մայրաքաղաք Թբիլիսիում բնակարանների վարձակալման գները կայուն են: Մեկ սենյականոց բնակարան մայրաքաղաքի Բաղեբի կոչվող հատվածում կարելի է վարձակալել 250 լարիով: Գինն ավելանում է՝ կախված նորոգման վիճակից և սենյակների քանակից՝ հասնելով մինչև 3000 լարի (1 դոլարը մոտ 2,4 լարի է ): Ամենաթանկ բնակարանները Վակեում են, որը համարվում է Թբիլիսիի ամենապրեստիժ թաղամասերից մեկը: Այստեղ բնակարանը կարելի է 250 լարիով վարձակալել, սակայն ստիպված կլինեք սեփականատիրոջ հետ բնակվել: Եթե ցանկանում եք առանձին, ուրեմն ստիպված կլինեք վճարել 550-800 լարի: Նույնքան թանկ են վարձով տրվող բնակարանները նաև Վերա թաղամասում, այսպես կոչված իտալական բակերում փոքր բնակարանը՝ 350 լարի, երկու սենյականոցը կսկսվի 400 լարիից, երեքը՝ 800 լարիից: 4 սենյականոց, կահավորված բնակարանը մոտ 4000 լարի կարժենա: 6 սենյականոց բնակարանների վարձակալը կվճարի մոտ 8000 լարի:

Զբոսաշրջիկների ամենասիրելի վայրը Մթածմինդան է, ուր վարձակալման պահանջարկը մեծ է: Այստեղ փոքր բնակարանների գները սկսվում են 250, իսկ կահավորված մեծ բնակարաններինը՝ հասնում նույնիսկ 10 հազար լարիի:

Մայրաքաղաքի կենտրոնական հատվածի մաս կազմող Սաբուրթալո թաղամասում մեկ սենյականոց բնակարանը վարձով տրվում է սկսած 450 լարիից՝ ավելանալով սենյակների թվի և կոմունալ հարմարությունների ավելացմանը զուգահեռ: 4 սենյականոցի վարձակալությունը մոտ 4000 լարի է: Սակայն եթե առավելագույն կոմֆորտի չեք ձգտում, բնակարան կարող եք գտնել անհամեմատ մատչելի գնով: Օրինակ՝ Դիդուբեում 1 սենյականոց վարձով բնակարան կարելի է գտնել 170 լարիով, 2 սենյականոցը՝ 450 լարիով:

Հավլաբարում վարձով տներ կարելի է հանդիպել սկսած 300 լարիից մինչև 3000 լարի և ավել: Մատչելի են գները նաև Վազիսուբանի թաղամասում, որը համարվում է Թբիլիսիի ծայրամասերից, երկու սենյականոց բնակարանների գները 200 լարիից են սկսվում, 4 սենյականոցներինը՝ 800: Լավ նորոգված և կահավորված բնակարաններ կարող են վարձով տրվել նաև 1000 լարիով:

Իսանին համարվում է մայրաքաղաքի ամենածանրաբեռնված մասերից, նաև շինարարության տեսանկյունից, այստեղ օրինակ, 3 սենյականոց բնակարան կարելի է վարձակալել 600-700 լարիով: Չնայած, մյուս կետրոնական թաղամասերի նման, այստեղ ևս բոլոր հարմարություններով բնակարանների վարձակալման գները կարող են հասնել մինչև 5000 լարիի:

www.aliq.ge