Կրկին աղբի խնդիր և կրկին Հեշտիա գյուղում

Կրկին աղբի խնդիր և կրկին Հեշտիա գյուղում

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղ տանող ճանապարհին՝ անտառի եզրին, մեծ քանակությամբ աղբ է կուտակված: Բնակիչները այնքան մեծ քանակությամբ աղբ են լցրել այդ վայրում, որ այն պարզապես աղբանոցի է վերածվել: Ամենուրեք ցեխ է, պոլիէթիլենային տոպրակներ, ոչ պիտանի իրեր և այլն:

Բնակիչները նշում են, որ գյուղի անասունները արածում են շրջակայքում և շատ հաճախ ուտում են պոլիէթիլենային տոպրակներ, ինչի հետևանքով անասունները կամ հիվանդանում են կամ էլ սատկում:

Գյուղում աղբամաններ չեն տեղադրած, ինչով էլ բնակիչները արդարացնում են իրենց այս քայլը: Նշենք, որ անտառաեզրից բացի, բնակիչները կենցաղային աղբն ու գոմաղբը լցնում են գետի մեջ: Ուստի գետի մոտով քայլելն ուղղակի անհնար է տարածված գարշահոտի պատճառով:

Քաղաքապետի Հեշտիա գյուղի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանն էլ նշեց, որ գյուղ տանող ճանապարհի մոտակայքից աղբը ուտիլիզացիայի կենթարկվի անմիջապես, երբ որ բյուջեում համապատասխան փոփոխություններ մտցվեն: Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ գյուղում աղբամաններ չկան և այս վայրից տարին մեկ անգամ է աղբը հեռացվում: Քոթոյանը իր խոսքում հավաստիացրեց, որ աղբամանների տեղադրումից հետո գյուղում աղբի կուտակվածության խնդիր այլևս չի լինի:

Հիշեցնենք, որ աղբը չնախատեսված վայրում թափելու համար օրենքով սահմանված է տարբեր չափերի տուգանք:
Ըստ այդմ՝ մինչև 2 կիլոգրամ աղբը չնախատեսված վայրում թափելու համար անձին հասնում է 80 լարի տուգանք, իսկ նույն չափով աղբը շենքի պատուհանից դուրս շպրտելու համար սահմանված է 100 լարի տուգանք:
2 կիլոգրամից ավելի աղբը չնախատեսված վայրում թափելու համար անձին հասնում է 150 լարի տուգանք, իսկ նույն չափով աղբը պատուհանից շպրտելու համար սահմանված է 500 լարի տուգանք:
5 և ավելի անվադող դեն շպրտելու համար սահմանված է 500 լարի տուգանք: Ֆիզիկակական անձանց կողմից շրջակա միջավայրը կեղտոտելու համար սահմանված է 400 լարի տուգանք, իսկ իրավաբանական անձանց համար՝ 1000 լարի տուգանք:

Բորիս Ղարսլյան