ՀՀԿ-ի ներկայացուցիչը չի կարող վարչապետ դառնալ. Նիկոլ Փաշինյան

ՀՀԿ-ի ներկայացուցիչը չի կարող վարչապետ դառնալ. Նիկոլ  Փաշինյան

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչը չի կարող վարչապետ կամ վարչապետի թեկնածու լինել։
Հանդես գալով այսօր Երեւանում օտարերկրյա լրագրողների համար հրավիրված մամուլի ասոլիսում, նա շեշտել է, որ վաղը բանակցելու է ոչ թե վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, այլ ՀՀԿ-ի հետ։

«Բանակցություններին ՀՀԿ-ից պետք է մասնակցեն Ազգային Ժողովի նախագահը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը, վարչապետի պաշտոնակատարը։ Եթե այդպես չեղավ, իմաստ չեմ տեսնում առանձին մարդու հետ բանակցել», – ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ը ներկայացուցիչը չի կարող վարչապետ կամ վարչապետի թեկնածու լինել։ «Վաղվանից մենք վերսկելու ենք մեր գործողությունները եւ հույս եմ հայտնում, որ ՀՀԿ-ն կհասկանա, որ դիմադրելու իմաստ չկա եւ իրենք չեն փորձի պահել իշխանությունը», – ասել է պատգամավորը։

Նա նկատել է, որ բաց է քաղաքական ուժերի հետ քննարկումների համար եւ «հետաքրքիր առաջարկների» դեպքում պատրաստ է քննարկել դրանք։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր ղեկավարած շարժումը ունի Հայաստանի քաղաքացիների 90 տոկոսի եւ Սփյուռքի աջակցությունը։ «Ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս փորձել ժողովրդի հաղթանակը հարցականի տակ դնել», – շեշտել է Փաշինյանը։

Պատասխանելով հարցերին, նա ասել է, որ պատրաստ է իր վրա վերցնել վարչապետի թեկնածու դառնալու պատասխանատվությունը, եթե այդպես որոշի ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանն ընդունել է, որ ժողովրդի կողմից նման որոշման կայացման հավանականություն մեծ է։

Նա ասել է, որ իր ղեկավարած շարժումը որեւէ շփումներ չի ունեցել արտաքին ուժերի՝ Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ հետ։ «Ուզում եմ շեշտել, որ այս շարժումը չունի որեւէ աշխարհաքաղաքական ենթատեքստ», – նշել է պատգամավորը։

Պատասխանելով ռուսաստանցի լրագրողի հարցին, նա ասել է, որ չնայած հայ-ռուսական հարաբերությունները բարեկամական են, դրանցում կան նաեւ խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ։ Մասնավորապես, Փաշինյանը հիշատակել է Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը Ադրբեջանին։ «Այդ բոլոր հարցերը լուծելի են, պարզապես պետք է կառուցողական տրամադրվել», – ասել է նա։

Նյութը վերցված է Mediamax.am կայքից