Կայացավ շախմատի Սամցխե-Ջավախքի առաջնության տարածաշրջանային փուլը

Կայացավ  շախմատի Սամցխե-Ջավախքի առաջնության տարածաշրջանային փուլը

Ապրիլի 21-22-ը Ախալցիխե քաղաքում կայացավ շախմատի Սամցխե-Ջավախքի առաջնության տարածաշրջանային փուլը, որին մասնակցում էին մինչև 10 տարեկան երեխաները:

Մրցաշարին մասնակցեցին Նինոծմինդա քաղաքի մարզական դպրոցից 3 և Սաթխա գյուղից 2 շախմատիստներ:
Աղջիկների պայքարին, որն ընթանում էր շրջանային համակարգով, ամբողջ տարածաշրջանից մասնակցում էին 9 հոգի: Նինոծմինդա քաղաքի մարզական դպրոցից Թամարա Արզումանանը հաղթելով յոթ մրցակցի, հնարավոր 8 միավորից հավաքեց 7 միավոր և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը:

Տղաների պայքարին, որն անցկացվեց շվեյցարական համակարգով, մասնակցում էին 22 հոգի: Նինոծմինդա քաղաքի մարզական դպրոցի սան Անդրանիկ Ղուկասյանը 8 հնարավոր միավորներից հավաքեց 5 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Նինոծմինդա քաղաքի մարզական դպրոցի շախմատի խմբակի մարզիչ Յուրա Կույումչյանի խոսքով, մեր փոքրիկ շախմատիստները ընդհանուր առմամբ շատ հաջող հանդես եկան մրցաշարում, և նրա գնահատմամբ, նմանատիպ մրցաշարերին մասնակցությունը շախմատիստներին մեծ փորձ է տալիս բարձր մակարդակով շախմատ խաղալու համար:

Հարկ է նշել, որ Նինոծմինդա քաղաքի մարզական դպրոցի շախմատի խմբակում ընթանում են ինտենսիվ պարապմունքներ նմանատիպ մրցաշարերերում հաջող հանդես գալու համար: Առաջիկայում տեղի են ունենալու Վրաստանի շախմատի բարձրագույն լիգայի խաղերը և Հայաստանում շախմատի դպրոցական օլիմպիադան:

Մանրամասների մասին զրուցեցինք մարզիչ Յուրա Կույումչյանի հետ.

Հեղինակ՝ Բորիս Ղարսլյան