Կարտիկամում տեղի ունեցավ հիմնանորոգված դպրոցի բացման արարողությունը

Կարտիկամում  տեղի ունեցավ հիմնանորոգված դպրոցի բացման արարողությունը

Ապրիլի 19-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղում տեղի ունեցավ արդեն իսկ հիմնանորոգված հանրային դպրոցի բացման արարողությունը: Դպրոցի հիմնանորոգումը իրականացվել է ՛՛Հազարամյակի մարտահրավերներ-Վրաստան՛՛ հիմնադրամի կողմից:
Բացման արարողությանը ներկա էին հիմնադրամի տնօրեն Մագդա Մաղրաձեն, Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Էլիզաբեթ Ռուդը, Կրթության և գիտության նախարարի տեղակալ Թեյմուրազ Մուրգուլիան, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Կախա Սամխարաձեն, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը:

Հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, որից հետո նրանք քայլեցին դեպի դպրոց, ուր հավաքվել էր հոծ բազմություն:

Պատվավոր հյուրերը շրջեցին դպրոցով, նրանցից Կրթության և գիտության փոխնախարար Թեյմուրազ Մուրգուլիան նշեց, որ դպրոցն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները, միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատորիաները և սպորտային մարզագույք:

“Հազարամյակի մարտահրավերներ” հիմնադրամի ծրագրով Կարտիկամի 240 աշակերտ ունեցող դպրոցում հիմնանորոգման ժամանակ անցկացվել է կենտրոնական ջեռուցման համակարգ, փոխվել են դռներն ու պատուհանները, հատակը, տանիքը, ներկվել են պատերը: Դպրոցում գործում են քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության ժամանակակից լաբորատորիաներ, սանհանգույց և մարզադահլիճ:

Ներկայումս Սամցխե-Ջավախքում ամբողջությամբ հիմնանորոգվել և անհրաժեշտ բոլոր լաբորատոր սարքավորումներով են ապահովվել 6 դպրոց:

“Հազարամյակի մարտահրավեր” հիմնադրամը դպրոցների վերաշինման նախագծեր է իրականացնում Վրաստանի կառավարության հետ համատեղ: “MCA Georgia” ընկերությունը իր վրա է վերցնում շենքի ներսում տարվող աշխատանքների իրականացումը, իսկ Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը կյանքի է կոչում ջրի, կոյուղու, լուսավորության անցկացման և դպրոցի բակի ցանկապատման աշխատանքները:

Հեղինակ` Բորիս Ղարսլյան