Նինոծմինդայում կայացավ գաթայի ավանդական փառատոնը

Մարտի 8-ին Միջինքի գաթայի օրվա առթիվ Նինոծմինդա քաղաքի Ռաֆայել-Ջավախ կրթամշակութային կենտրոնում կայացավ “Հայկական գաթայի” ավանդական փառատոնը:

Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք, ինչը նշանակում է, որ պահքը հասել է իր միջնամասին: Համաձայն ազգային ավանդույթի, տանտիրուհին Միջինքի օրը պատրաստում է պահքի գաթա:

Այս տարի Նինոծմինդայում գաթայի փառատոնը մեկնարկեց աղոթքով և եկեղեցային ծիսակարգով, որից հետո հոգևոր հովիվ Տեր Արմաշ Պողոսյանը օրհնեց թխված գաթաները, իսկ այնուհետև հայկական տարազային հագուստով աղջիկները փառատոնի հյուրերին գաթա հյուրասիրեցին:

Տոնը էլ ավելի գեղեցկացրին իրենց պարային համարներով “Ծաղկազարդ” պարի համույթը պարուսույց Սևակ Բդոյանի գլխավորությամբ և «Առավոտ լուսո» երաժշտական անսամբլը Իրինա Ղարսլյանի ղեկավարությամբ:

Գաթայի փառատոնին մասնակցում էին 30 հոգի: Առաջին հորիզոնականը գրավեց “Հասկ” սննդի կետի աշխատակցուհի Մարգո Խանջյանի պատրաստած գաթան, երկրորդ հորիզոնականը` Պերճանուշ Կիրակոսյանի և Ռուզաննա Սիրականյանի գաթաները, իսկ երրորդ հորիզոնականը` Իրինա Ղարսլյանի, Ազա Գոքորյանի և կրթամշակութային կենտրոնի աշխատակազմի կողմից պատրաստված գաթաները: Հաղթողները ստացան դիպլոմներ և արժեքավոր նվերներ:

Բորիս Ղարսլյան