Աշակերտները մասնակցեցին “Ձյունե քանդակներ” մրցույթին

Մարտի 1-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի տան բակում կայացավ “Ձյունե քանդակներ” խորագրով մրցույթ, որին մասնակցում էին 8 թիմ:

Թիմերը ներկայացնում էին Մեծ Խանչալիի, Նինոծմինդա քաղաքի թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, Գանձա գյուղի թիվ 2, Փոքր Խանչալիի, Ջիգրաշենի դպրոցների աշակերտները: Աշակերտները անձամբ էին ընտրել քանդակների թեմաները: Նրանք մի քանի ժամվա ընթացքում ձյունից ստացան տարբեր պատկերներ:

Մեծ Խանչալիի և Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտները քանդակեցին եկեղեցի, Գանձա գյուղի աշակերտները` “Մինիոն” մուլտֆիլմի հերոսին, Փոքր Խանչալիի աշակերտները քանդակեցին վագր, Նինոծմինդա քաղաքի թիվ 1 դպրոցի թիմը` Սարդարապատի հուշարձանը, Նինոծմինդա քաղաքի թիվ 2 դպրոցի թիմը` Սիս և Մասիս սարերեը ու խաչ, Ջիգրաշենի աշակերտները` սպիտակ արջ և ծովային կատու , իսկ Նինոծմինդա քաղաքի թիվ 4 դպրոցի թիմը Հայոս և Քարթլոս հուշարձանը:

Մրցույթի ժյուրին գնահատեց թիմերի կատարած աշխատանքի բարդությունը, վարպետությունը, ստեղծարար միտքը, յուրօրինակությունն ու արտահայտչականությունը:

Մրցութային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ` առաջին պատվավոր հորիզոնականը գրավեց Մեծ Խանչալիի թիմը, երկրորդ հորիզոնականը` Փոքր Խանչալիի թիմը, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Գանձայի թիվ 2 դպրոցի թիմը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպորտի ծառայության ղեկավար Վահե Իրիցյանը նշեց, որ նման մրցույթի կազմակերպումը նպատակ ուներ զարգացնել աշակերտների ստողծագործական միտքը, ապահովել կրանց ակտիվ և առողջ կենսակերպը և պարզապես նրանց համար ապահովել լավ տրամադրություն:

Մանրամասները լսեք նյութում.

Բորիս Ղարսլյան