Այսօր Սուրբ Վալենտինի տոնն է. Ամենը՝ սիրո խորհրդանիշ համարվող օրվա մասին

Այսօր Սուրբ Վալենտինի տոնն է. Ամենը՝ սիրո խորհրդանիշ համարվող օրվա մասին

Փետրվարի 14-ին աշխարհը նշում է Սուրբ Վալենտինի օրը: Սուրբ Վալենտինի մասին բազմաթիվ լեգենդներ կան: Դրանցից մեկի համաձայն` Հին Հռոմում ապրել է Վալենտին անունով մի բժիշկ-հոգևորական: Վալենտինի ժամանակ Հռոմում իշխում էր Կլավդիոս 2-րդը, ով հայտնի էր իր զավթողական բնավորությամբ: Երբ Կլավդիոսին պետք եղան նոր զինվորներ ու ավելի մարտունակ բանակ, նա արգելեց ամուսնությունները:

Վալենտինն սկսեց գաղտնի պսակադրել սիրահար զույգերին: Միաժամանակ նա զբաղվում էր նաև բժշկությամբ: Եվ մի անգամ նրա մոտ են բերում հռոմեական բանտատիրոջ աղջկան: Աղջիկը կույր էր, և Վալենտինն իր պատրաստած դեղերով փորձում է բուժել նրան: Այդ ընթացքում գաղտնի ամուսնությունների համար Վալենտինին ձերբակալում են:

Վալենտինի խնդրանքով բանտապետը թուղթ ու գրիչ է տալիս մահապատժի դատապարտված հոգևորականին, և նա երկտող է գրում կույր աղջկան, ում արդեն վաղուց սիրում էր: Նույն օրը` փետրվարի 14-ին, Վալենտինին մահապատժի են ենթարկում: Կույր աղջիկը, ստանալով նամակը, հրաշքով առողջանում է և կարդում.« Քո Վալենտին…»:

Դարերի ընթացքում Սուրբ Վալենտինի տոնը ձեռք է բերել իրեն հատուկ հմայք ու տոնակարգ: Որոշ երկրներում տղամարդը հագուստ է նվիրում իր սիրեցյալին, եթե նվերն ընդունվում է, նրանք ամուսնանում են:

Միջնադարյան Անգլիայում տարածված էր մի սովորույթ, որի համաձայն՝ երիտասարդները հավաքվում էին, գրում աղջիկների անուններ, գցում գլխարկի մեջ և հերթով հանում դրանցից մեկը: Կազմավորված զույգերը դառնում էին ընկերներ մինչև մյուս Վալենտինի տոնը:

Պարզվում է, որ ամենախելացի տղամարդիկ ճապոնացիներն են. նրանք Վալենտինի տոնը վերածել են մարտի 8-ի` տղամարդկանց համար: Ճապոնիայում ընդունված է, որ այդ օրը կանայք խոստովանություններ անեն, նվերներ տան իրենց սիրելիներին:

Ի դեպ, անենատարածված նվերներն են սափրիչը, օծանելիքը, դրամապանակն ու շոկոլադը: Սառնասիրտ գերմանացիներն էլ միանշանակ կարծում են, որ Վալենտինը հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների հովանավորն է, և այդ օրը նրանք զարդարում են հոգեբուժական հիվանդանոցները:

Հաշվենկատ ամերիկացիներն այս տոնը ևս օգտագործել են բիզնեսը զարգացնելու համար: Առաջինը նրանք էին, որ սկսեցին «Վալենտինկաներ» արտադրել և վաճառել: