Նշվեց Վահան Տերյանի ծննդյան 133 ամյակը

Նշվեց Վահան Տերյանի ծննդյան 133 ամյակը

Փետրվարի 9-ին Գանձա գյուղում նշվեց մեծանուն հայ բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 133 ամյակը։

Բանաստեղծի տուն-թանգարանում անցկացվեց տոնական միջոցառում, որը կազմակերպել էին թանգարանի աշխատակիցները։ Միջոցառմանը հանդես եկան Գանձա գյուղի դպրոցների աշակերտները՝ արտասանելով և երգելով բանաստեղծի ստեղծագործությունները։

Վահան Տերյանը (իսկական ազգանունը՝ Տեր-Գրիգորյան) սովորել է Գանձայի ծխական, 4 ամիս՝ Ախալքալաքի քաղաքային դպրոցներում, 1899–1906 թթ-ին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում: 1906 թ-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետը, մամուլում տպագրել իր առաջին բանաստեղծությունները:

1913–17 թթ-ին Տերյանը սովորել է Պետրոգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, հայագետ Նիկողայոս Մառի ղեկավարությամբ ուսումնասիրել է հայագիտական առարկաներ, սովորել արաբերեն, պարսկերեն, վրացերեն։

1908 թ-ին Թիֆլիսում լույս է տեսել Տերյանի առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որով նոր դարագլուխ է բացվել հայ քնարերգության պատմության մեջ: Գրական աշխարհը ողջունել է տաղանդավոր բանաստեղծի հայտնությունը:
1914 թ-ին Տերյանը Թիֆլիսում հանդես է եկել «Հայ գրականության գալիք օրը» ծրագրային զեկուցումով, որն իր նշանակությամբ ձեռք է բերել XX դարի նորագույն շրջանի հայ գրականության զարգացման հռչակագրի արժեք:

Տերյանը կատարելության է հասցրել հայ բանաստեղծության կշռույթը՝ սկսած ոտքից ու տողից մինչև տուն և հնչյունական կազմություն, շարունակել հայ պոեզիայում հազարամյա պատմություն ունեցող բաղաձայնույթի և նմանաձայնության ավանդույթը, առաջինն է գրել սոնետ և տրիոլետ, զարգացրել գազելը: Տերյանն ստեղծել է ինքնատիպ գրական ոճ ու դպրոց, որին հետևել են շատ բանաստեղծներ:
Տերյանը գրել է նաև գրաքննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել թարգմանություններ:

Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում, Ջավախքում, Օրենբուրգում Տերյանի անունով կոչվել են թաղամասեր, փողոցներ, դպրոցներ, կանգնեցվել են հուշարձաններ: Գանձայում 1957 թ-ից գործում է բանաստեղծի տուն-թանգարանը: Ամեն տարի հուլիսին նրա ծննդավայրում տեղի են ունենում Տերյանական պոեզիայի օրեր:

Նյութը պատրաստեց Բորիս Ղարսլյանը